Լեռան հառաչ է լսվում ամենուր
այս օրերին դժնի,
յոթծովիմերան երկրի փանջարաներն են
բաց` հազար ու մի
ու տա Աստված, որ ազգովի նստենք
սեղան վայելքի,
դիմակահանդես թող լինի օրն այդ՝
առանց դիմակի։
Յոթը օրենք գրենք գինով, յոթը կանոն բնական`
առանց թղթի նույն գրիչի-
աղն ու հացը փաստաբան։
Նռան գինով ստորագրենք
օրենքներն այդ բաղձալի, թեև էլի
յոթծովիմերան երկրի փանջարաներն են
բաց՝ հազար ու մի:
Ի՞նչ իմանաս, թե կյանքը մեզ
որ մե նոր ափն է նետելու
ուր սատանա՞ն է այդ նոր ափի
տեր Աստվածը լինելու կրկին:
Եվ մեր Նոյյան նավը լեռան
վրա թողած՝ մեր սև աչքերով
և մեր երեխաների աչուկների կապույտ լույսով
բախելու ենք գորշ դուռը անհայտ մի առավոտի։
Ռոլանդ Շառոյան